Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Ճիշտ եմ արել, որ Գյումրին եմ ըտրել, գյումրեցիները մեզ բախտակից են՝ ցավ տեսած»

«Ճիշտ եմ արել, որ Գյումրին եմ ըտրել, գյումրեցիները մեզ բախտակից են՝ ցավ տեսած»
19.10.2023 | 18:32

Արցախի Մարտունի քաղաքից Հայաստան եկած ԼՈՒՍԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ խոհերը, մտատանջումները, տառապանքը երիտասարդ արվեստագետի մեծ սև աչքերի մեջ են դրոշմված:

Այդքան երիտասարդ, բայց կյանքի, պայքարի, հայրենիքի նկատմամբ անեզր սիրո արտհայտությունները, աննկուն ոգին և իրատեսական դատողությունները վկայում են՝ կոփվել է, գիտի թացը չորից տարբերել, ոչ միայն տան ներսի պատն է, այլև շարժիչ ուժը, պահի ճիշտ գնահատմամբ՝ ստույգ որոշում կայացնողը :
Լուսինեն ունի երկու մասնագիտություն՝ քանոնահարուհի է և լուսանկարիչ: Պաշտելի Մարտունում սիրով է աշխատել, ունեցել է իր փոքր դրախտը ու, նույնիսկ շրջափակման լուրն ընդունել է որպես իրողություն, որը հաղթահարելի կդառնա մի քանի օրից:
Բայց թուրքի ծրագիրն այլ էր: Ինչպես ասում են, մենք չգիտենք թշնամու վայրագությունները, քանի դեռ բաց աչքերով չենք տեսել դրանք:
Ինչպես պատմում է սովն ու քաղցը, հայրենազրկումն ու հոգեմաշ տառապանքները վերապրած Լուսինեն, արցախցիներն այլևս հազիվ էին դիմանում.
«Ես հաշմանդամ երեխա ունեմ, մի անգամ, մինչև տոտալ շրջափակումը, Կարմիր խաչը մեզ չոր սնունդ էր տվել, փորձում էի այն այնպես օգտագործել, որ առավել երկար դիմանայինք: «Էկոնոմ» ռեժիմով էի սովորել սնունդ պատրաստել: Արցախում էդ ժամանակ կար, դեռ կարողանում էինք ճարել դդում, լոբի, խաղողը 1500 դրամ էր: Հիմա, այստեղ որ խաղողը տեսնում եմ 450-500 դրամով, ծիծաղելի է դառնում: Արցախում, վերջին օրերի հացն էնքան վատն էր, որ սովորել էինք առանց հաց ուտել»- պատմում է Գյումրիում բնակություն հաստատած մեր զրուցակիցը:
Եկեք խոստովանենք` երբ մեզ՝ հայաստանցիներիս, նկարագրում էին Արցախի ու ժողովրդի վիճակը, չէինք պատկերացնում «գոլոդոմորի» իրական ծավալները: Բացի այն, որ շրջափակման սկզբում, ինչպես պատմում է մեր արցախցի հայրենակցուհին, ոչ բոլորն ունեին այնքան գումար, որ միանգամից մեծաքանակ սնունդ գնեին, տոտալ շրջափակումից հետո, սննդի պակասը սկսեց տանջել մարդկանց: Երիտասարդ մայրիկն ասում է.
«Ի վերջո, կային ծերեր և բազմանդամ՝ մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներ, որոնց օրվա ճաշի համար սնունդ հայթայթելը տառապանք էր: Իսկ երբ մենք տարհանվում էինք, մեր կոլոնայում սովից երեք հոգի մահացան»:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ մարդիկ այդպես միանգամից որոշեցին լքել իրենց տները, Լուսինե Գասպարյանն անկեղծ նշում է.
«Շրջափակումը, կենցաղային խնդիրները, սննդի կարիքն այնքան էին ծանրացրել կյանքը, որ մարդիկ ուղղակի հոգնել ու հյուծվել էին ամեն ինչից: Ելք էին որոնում: Մենք արդեն այն ուժը չունեինք, իմ դիտարկմամբ: Մենք հնար չունեինք հաղթելու: Մեր հույսը ոչ մեկի վրա չէր՝ ո՛չ ռուսի, ո՛չ մյուսի, բայց երբ մեր տղաները զենքերը դրել ու եկել էին տուն, պարզ էր՝ պայքարի իմաստ չէին տեսել այլևս: Ցավոք, մենք մեզ այլևս ադքան պաշտպանված չէինք զգում»:
Ոգով ուժեղ Լուսինեն, որն աննկարագրելի սիրում է իր հարազատ Մարտունին, պատմում է՝ պատերազմը սկսվելուց տեղյակ չեն եղել, քանի որ մարտունեցիները ՝ քաղաքապետի ջոկատի հետ, պահել են քաղաքը: Արդյունքում՝ թուրքը քաղաք չի մտնել: ՈՒ շնորհիվ այդ քաջասիրտ տղեքի, Մարտունի քաղաքի բնակիչներն ուշ են իմացել տեղի ունեցողի մասին:
«Օրինակ, մեր քաղաքապետի ջոկատն ապահովում էր մեր մարտունեցիների խաղաղ քունը: Մենք Մարտունիում թուրք չտեսանք: Մի բարձունք կար, անունը չեմ հիշում, այդ բարձունքից փորձում էին կտրել Մարտունին, շրջափակել ու մտնել քաղաք: Չի ստացվել, մարտունեցիները մինչև վերջ պայքարել են»:
Երբ մեր «մաման ու պապան» ասում են՝ դու մեր էրեխան չես, մյուսներն էլ ի՞նչ անեն:
Լուսինեն նշում է, որ պատրաստ էր մնալու Մարտունիում, եթե երեխաների և ընտանիքի հետ չլիներ: Նա կարծում է, որ կկարողանար պայքարել հայերի՝ պապենական հողում ապրելու իրավունքների համար: Բայց ընտանիքի և հաշմանդամ երեխայի պարագան նրան հետ են պահել հոգու ցանկությունը և ոգու մղումը կյանքի կոչելուց: Հակարիի կամուրջն անցելուց հետո, կարծես, խենթությունից պրծած՝ ինքն իրեն հարցրել է՝ վե՞րջ, մի՞թե էլ հետ գալ չի լինի:
«Հիմա՝ ո՞ւր, ինչպե՞ս»,-ինքն իրեն հարցրել է թուրքի վիհից դուրս եկած Լուսինեն:
«Ես ինձ հարց տվեցի՝ բա էս հետ ճամփա չկա՞»,- արցունքոտ աչքերով պատմում է գաղթական դարձած արցախցի կինը:
Փաստորեն, արցախյան «գոլոդոմորը» ևս նպատակային քաղաքականություն է եղել:
Հարցրեցինք՝ լսե՞լ եք, որ մարդկանց ասել են՝ հենց ճանապարհը բացվի, դուրս եկեք:
Արցախցի տիկինը չհերքեց, որ նման խոսակցություններ լսել է: Նա ասաց, որ՝
«Արցախի նախկին նախագահը միշտ այնպես էր խոսում, նրա խոսքերն այնքան հուսալքող էին, որ, կարծես, ուղերձ էին արցախցիներին ՝ գնալ է պետք: Մենք հասկացանք մի բան՝ ժողովուրդն անզոր է: Եթե ղեկավարությունը, ղեկավարության հետևում գտնվող ուժերն արդեն իսկ ունեն որոշում, մշակել, ծրագրել են այս ամենը, ապա ՝ գոնե դուրս գալ կարողանանք»:
Վիրավորած Արցախի և Հայաստանի քաղաքական ղեկավարությունից, մաքառած կինն ասում է.
«Անպաշտպան էինք թե՛ մեր, թե՛ հայաստանյան ղեկավարության կողմից: Անտեր էինք: Մեր ղեկավարությունը հանրության հետ կապը չէր պահում, որ հասկանայինք մեր անելիքը: Դրա համար բոլորս մտածում էինք՝ դուրս գանք, փրկվենք: Ինձ թվում է՝ եթե ինչ-որ կերպ իմանայինք, հասկանայինք, որ տեր ունենք, հնարավոր է՝ մնայինք, մեր պահանջները դնեինք»:
Որպես սթափ մտածող և իրատես մարդ, երիտասարդ արցախցի արվեստագետ Լուսինեն շատ հստակ արձագանքեց մեր դիտարկմանը առ այն, թե Ֆրանսիան, օրինակ, ջանքեր է գործադրում, որ մարդիկ վերադառնան պատմական հայրենիք՝ Արցախ:
«Գիտեք,- հակադարձեց տիկին Լուսինեն-, եթե այդպես ասեր հայաստանյան ղեկավարությունը, ես հույս կունենայի: Ես Ֆրանսիայի վրա ի՞նչ հույս դնեմ: Հայաստանի ղեկավարությունը ոչ մի կերպ չէր խառնվում քաղաքական պրոցեսներին, պատերազմին: Ռուսաստանը, օրինակ, ի՞նչ անի, երբ մեր «մաման ու պապան» ասում են՝ դու մեր երեխան չես»,- ցավը հոգում՝ խոցված սրտով պատասխանեց կինը: Բայց, չնայած վերապրածին, ասաց՝ հնարավորության դեպքում ինքն ու իր նման շատ-շատերը հետ կգնան, որովհետև եթե Արցախում հայերը չեղան, Արցախը չի լինի:

ՏԱՆ ԲԱՆԱԼԻՆ՝ ՄԱՍՈՒՆՔԻ ՆՄԱՆ...
Շիրակի մարզում կա Հերհերի ձոր, որին ժողովուրդը կոչում է Ջարդի ձոր: Դա Արևելյան Հայաստանի այն միակ պահպանված տեղանքն է, որտեղ թուրքերը կոտորել են հայերին: Ջարդի ձորը ցեղասպանության կենդանի վկայությունն է: Ժամանակին՝ ձորի տարածքում , 1915 թվականի ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցման ընթացքում, գտնվել են մարդկային ոսկորներ: Մի մասունքն էլ եղել է տարեց կնոջ փակ բռունցքը, որում պահած է եղել իր տան բանալին:
Դար անց, սեփական հայրենիքից, Աստծո համբուրած հողից՝ սրբազան Արցախից, հեռացած մարդիկ, նույնպիսի մասունքով են արտագաղթել՝ տան բանալին անթեղած ձեռքերում:
Արցախցի Լուսինեն մեզ ցույց տվեց իր ամրոցի՝ իր տան պահած բանալին...
ՆՈՐ ՏՈՒՆԸ ԳՅՈՒՄՐԻՆ Է

«Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք Գյումրիում բնակվելը»,- հարցին, հուզված կինը պատասխանեց.
«Բացի այն, որ տների գները համեմատաբար էժան էին այստեղ, երկրորդ օրն իսկ ես մայրիկիս ասացի՝ գյումրեցիները մեզ բախտակից են, նրանք մեզ կհասկանան: ՈՒ այդպես էլ եղավ. Գյումրիում չկա մեկը, որ իմանալով՝ Արցախից ենք , սրտացավություն չդրսևորի, ոչ թե խղճա, այլ՝ սատարի: ՈՒզում եմ մնալ Գյումրիում,- հույսն աչքերում մեզ վստահեցրեց Լուսինեն՝ չմոռանալով շեշտել,- Արցախս ուրիշ է, հնարավորության դեպքում՝ կգնամ»:
Երախտապարտ երիտասարդ արվեստագետը հատուկ շեշտեց Գյումրիում իրեն առաջինը ձեռք մեկնած՝ Գյումրու «Պարի և սպորտային պարերի մասնագիտացված մարզադպրոց» -ի տնօրեն Մարիաննա Մամյանի և «Կիդո» մանկական զարգացման տնօրեն Գոռ Թորոսյանի անունները:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ
Գյումրի
Հատուկ itares.am-ի համար

Դիտվել է՝ 6330

Մեկնաբանություններ